ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ (Grish Davtian)

Հիմա, որ հասկանում եմ ցավը,

Ըմբռնու՛մ եմ

Նվիրականությունն ու սրբությունը,

Եվ չեմ հուսահատվում.

Քանզի

Զգացումներիս աստղերը,

Որ աչքերիս լույսով են պսպղում

Երկնքում

Լուսավորում են ճամփան,

Որով ընթանում եմ սիրահարված,

Զգացումներով արբած,

Հուսալիությամբ ամրացած։

Որպիսի~ ափունքներում եմ տեղավորվելու…

Չէոր սերը անստվեր է

Ու չի մթագնում սրտերը

Թափթփված եզերքից եզերք,

Հորիզոնից հորիզոն…

Ես հիշում եմ այն թխադեմ տղային,

Որ ծառերի ճնճղուկներին էր որսում

Ճղլանիով.

Որսում էր,

Այլ չէր դատապարտում

Կամ սպանում։

Կյանքն ու մահը խաղ չէին,

Այլ պարգեվ էին,

Որ կամարում էին եզերքները

Եվ հորիզոնները

Ասուպների ճախրանքով,

Աչքերիս լույսով պսպղացող

Աստղերի բույլերով։

Գիշերները երազում

Ես գրկում եմ թխադեմ պարմանությանս,

Որ մուշ-մուշ քնի իմ տաք գրկում,

Հանգստանա,

Ես նրա հոգնություններից եմ այսպես ամրացել,

Իմաստնացել, հասունացել,

Զգալով ցավը,

Ըմբռնելով

Նվիրականությունն ու սրբությունը։

Կյանքը հասունությամբ է քաղցրանում,

Հասնում արժանավորության,

Որպես ջանքի ու տքնության

Զարգուն բերք ու բարիք,

Արգասիք.

Շահված օրերի բերրիություն: