Սիրաստանս, որ փռել եմ ոտքերիդ տակ,
Նարգիսների լուսե լիճ է բուրումնավետ․
Ոսկեթեվիկ մեղվիկ դարձիր ճախրով զվարթ,
Հերկիր լիճը ծաղկաստանիս շոյքով վետվետ։
Սերը սրտիս աղբյուր է հորդ, սառն ու զուլալ,
Ցոլա մեջը երեկոյան աստղի հանգույն․
Կամ զեփյուռի շշունջ դարձիր հեվքով ծալ-ծալ
Ու խառնվիր կարկաչիս հետ սիրազնգուն։
Լուռ գիշերվա թիթեռ դարձիր սրտիս մոմին,
Որ համբույրիս բոցով խանձեմ թեվերդ նուրբ․
Ու թե ուզես՝ լուսին եղիր կապույտ վերին,
Ես ամպացած կգրկեմ քեզ մահիճում լուրթ։
Կյանքի ծովում սերս ալիք փրփրաբաշ,
Վարդի հյուսք ես, քշեմ, տանեմ սեգ կատարիս․
Լուսնկայի վրանի տակ աստեղաքաշ
Երազ դարձիր, իջիր վրաս, թեքվիր բարձիս․․․
Դարձիր ոսկյա գավաթը իմ բյուրեղ սիրո,
Որ շուրթերդ հեղեմ, թափվեմ դոշիդ վրա,
Դառնամ մրուր, դառնամ փրփուր, ու գաղջով քո
Շոգիացած անէանամ քուլա-քուլա․․․
Գրիշ Դավթյան
© Copyright 2021 Armenian News Network/Groong and the author.
